44-օրյա պատերազմի թեժ փուլում 2020 թ․ հոկտեմբերի 8-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները՝ զոհվածների մարմինները և գերիներին փոխանակելու նպատակով։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ բանակցություններ սկսվեցին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Բանակցությունները տևեցին շուրջ 11 ժամ։
Հոկտեմբերի 10-ի գիշերը հրապարակվեց երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը։
Հակամարտող կողմերի միջև, ըստ համաձայնության, պետք է տեղի ունենար ռազմական գործողությունների դադարեցում, իրականացվեր գերիների և զոհվածների մարմինների փոխանակում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վերսկսվեն բովանդակային բանակցություններ։
Միաժամանակ, պետք է արձանագրել, որ համաձայնությունը չէր նախատեսում պատերազմի ավարտ և համապարփակ քաղաքական լուծում։ Այն առաջին հերթին հումանիտար հրադադարի պայմանավորվածություն էր։ Ռազմական գործողությունների դադարեցման հետագա պարամետրերը պետք է համաձայնեցվեին լրացուցիչ։
Սակայն համաձայնությունը գործնականում չապահովեց կայուն հրադադար։
Ժամը 12:00-ից հետո կողմերը միմյանց մեղադրեցին պայմանավորվածությունը խախտելու մեջ։
Հայաստանի ԱԳՆ-ն նույն օրը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները ճակատի տարբեր ուղղություններով, ինչպես նաև հարվածներ է հասցնում Հայաստանի Սյունիքի մարզի բնակավայրերին։
Հոկտեմբերի 10-ի երեկոյան և գիշերը շարունակվեցին Ստեփանակերտի հրետակոծության մասին հաղորդումները։
Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան նոր հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին ամբողջությամբ կատարել հոկտեմբերի 10-ի պարտավորությունները։
Աղբյուրը՝ «Գոյամարտ» էջ։