«Արյունը, որ դարձավ ռուբին». ԵՊՀ-ում ներկայացվեց Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուշագրության հայերեն թարգմանությունը

Հոկտեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի «Արյունը, որ դարձավ ռուբին» (պարսկերեն՝ «خون دلی که لعل شد») ինքնակենսագրական հուշագրության հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական օրհներգների հնչեցմամբ։

Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնյամալին, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, իրանական պատվիրակության ներկայացուցիչներ, դասախոսներ, իրանագետներ և ուսանողներ:

ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնյամալին իր ելույթի ընթացքում ընդգծեց.

«Այսօր ես, որպես Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, այս գրքին նախ և առաջ նայում եմ երիտասարդության տեսանկյունից: Ինձ համար ուշագրավ է, որ այս հուշերում երիտասարդությունը պարզապես տարիքային հանգրվան չէ: Առաջնորդը երիտասարդին չէր դիտարկում միայն որպես ելույթների ունկնդիր, նա երիտասարդին համարում էր ապագայի կերտողը: Եվ սա լոկ չնչին տարբերություն չէ»:

Նախարարն անդրադարձավ նաև գրքի խորագրին և բովանդակային առանցքին․
««Արյունը, որ դարձավ ալ ռուբին» գիրքը պատմում է հանուն նպատակի կրած տառապանքի արժեքի մասին: Իհարկե, ամեն տառապանք չէ, որ արժեք ունի: Տառապանքին իմաստ են հաղորդում նպատակը, կատարած ընտրությունը և այն, թե ինչպես է մարդը դիմագրավում այդ փորձությանը: … Ի վերջո, այս գիրքը ոչ թե ավարտի, այլ ճանապարհի մասին է: Մի ճանապարհի, որը սկսվում է մի համեստ տնից և հասնում այն օրերին, երբ Իրանի պատմությունը թևակոխում է նոր փուլ»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում բարձր գնահատեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը ֆակուլտետում՝ ընդգծելով, որ Արևելագիտության ֆակուլտետը ոչ միայն ուսումնական հաստատություն է, այլև հուսալի հարթակ՝ հայ-իրանական գիտակրթական, մշակութային և բարեկամական կապերի համար։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր խոսքում շեշտեց Նահատակ Այաթոլլահ Խամենեիի առանձնահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ․

«Նահատակ Այաթոլլահ Խամենեին այն ղեկավարներից է, այն հոգևոր առաջնորդներից է, այն մտավորականներից է, որը շատ է կարևորում Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստը, ըստ էության Հայաստանը դիտարկելով որպես միասնական քաղաքական և քաղաքակրթական տարածքի ամենամերձ բարեկամներից մեկը Իրանի հետ միասին: Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը Այաթոլլահ Խամենեիի աշխարհայացքում է, դա Հայաստանի և Իրանի հազարամյակների հարևանության գաղափարն է: Իզուր չէ, որ նա այս տարածաշրջանում այն միակ բարձրաստիճան ղեկավարն է, որը շեշտադրում է Հայաստանի և Իրանի միջև առկա սահմանի հազարամյակների բնույթը՝ օգտագործելով «հազարամյակների սահման» եզրույթը»:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին իր ելույթում նշեց, որ գրքում արտացոլված է առաջնորդի կյանքը՝ սկսած մանկությունից մինչև հետագա տարիները․
«Այս գրքի շատ կարևոր պատգամը, որ նա մեզ հաղորդում է, այն է, որ նույնիսկ երբ խոսքը գնում է ցավի, տանջանքի, բանտերի և տառապանքի մասին, այս ամեն ինչում անկյունաքարայինը և կարևորը հույսն է, և տիրում է հենց հույսի ոգին: … Այս գիրքը հանդիսանում է մի հերոսապատում, իսկ հերոսապատումները չեն պատկանում միայն մեկ ազգի, այլ դրանք համամարդկային արժեքներ են»:

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց այս հուշագրությունը հայերեն թարգմանելու համար և ի՞նչ ուղերձ է այն հղում հայ ընթերցողին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը նշեց․

«Քանի որ մենք՝ Իրանն ու Հայաստանը, երկու լավ հարևաններ ենք, և Իրանում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են երկու երկրների համար էլ, Հայաստանի ժողովրդի, հատկապես մտավորականության և ուսանողների ծանոթացումն այս գրքի հետ, որը պատկերում է այս մեծ առաջնորդի կյանքը՝ հզորությունը, արիությունը, կառավարումը, կարող է օրինակ ծառայել բոլոր երիտասարդների, հատկապես իրանագիտության ուսանողների համար»:

Մովահեդը հավելեց նաև, որ չնայած նոր են սկսել գրքի իրազեկման աշխատանքները, արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն, և առաջիկայում նախատեսվում է աշխատությունը դնել վաճառքի Հայաստանի գրախանութներում:

Գրքի հայերեն թարգմանությունն իրականացրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտ, իրանագետ Մարիամ Զազյանը: Աշխատանքները, խմբագրման հետ միասին, տևել են շուրջ 9 ամիս:

«Առավոտի» հետ զրույցում Մարիամ Զազյանը պատմեց, թե ինչպես է սկսվել գրքի թարգմանության ուղին․
«Այս գրքի հետ պատմությունը դեռևս գնում է մեկ և մեկ ու կես տարի առաջ, երբ նոր էի ավարտել համալսարանի մագիստրատուրան։ Մեկ անգամ գնացի մշակույթի կենտրոն, և մշակութային կցորդը ինձ նվիրեց այդ գիրքը ու առաջարկեց, ասաց, որ ընթերցեմ՝ լեզվի զարգացման համար շատ նպաստի, և եթե հետաքրքիր լինի հայ հասարակության շրջանում, փորձենք թարգմանել հայերեն: Ճիշտն ասած, այս առաջարկը և այս գաղափարը ի սկզբանե շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև ես ինքս լինելով նոր շրջանավարտ իրանագետ՝ փորձել եմ ամենայն լրջությամբ մոտենալ գրքին, և մինչ թարգմանությունը սկսելը ես մի քանի անգամ ընթերցել եմ ևոլորտի մասնագետների հետ մշտապես եղել եմ համագործակցության, այսպես ասած, եղել եմ կապի մեջ, և միասին փորձել ենք ստանալ արժեքավոր հայերեն թարգմանություն»:

Անդրադառնալով «սուտակ» կամ «ռուբին» բառի ընտրությանը՝ Մարիամ Զազյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց.

«Շատ լավ գիտակցում ենք, որ կան հայերեն այլ համարժեքներ, ինչպես օրինակ՝ «սուտակը», բայց մենք ընտրել ենք «ռուբին», քանի որ համապատասխանում է հնչերանգը, գույնը, ինչպես նաև այդ արյան գույնը, որը խորհրդանշում է հենց կարմիր քարը: Այսինքն՝ պայքարից, կեղեքումից, տառապանքից հետո ինչ-որ մի բան, որ հաղթանակի է տանում, արժեքավոր է, և մենք ընտրեցինք «ռուբինը»:

Գիրք թարգմանելը բառացի թարգմանություն չէ, այլ պետք է համապատասխանի տվյալ հասարակության բառապաշարին, որպեսզի առավել դյուրըմբռնելի լինի»:

Նա նաև հույս հայտնեց, որ այս աշխատանքը կարևոր և ուրույն տեղ կգտնի հայ ընթերցողների շրջանում:

Արգինա Փահլևանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment