Սամվել Կարապետյան․ Մեր ձևով օգնելու ենք ադրբեջանցուն վնասազերծած կնոջը

Եթե ՀՀ գործող իշխանությունների կողմից համապատասխան հակահարված չլինի, ապա Սյունիքի մարզի Շաքի համայնք ներթափանցած ադրբեջանցու դեպքը կրկնվելու է ավելի մեծ թափով։ Այս մասին այսօր իր դատական գործի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացվել։

«Մենք այս մասին զգուշացնում էինք նախընտրական շրջանում. ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում, ու եթե նրանք համապատասխան հակահարված չստանան, ուրեմն սա կրկնվելու է ավելի մեծ թափով»,– ընդգծեց նա։

Կարապետյանը հայտարարեց, որ իր աջակցությունն է հայտնում ադրբեջանցի զինվորի կրակոցից տուժած կնոջը` հավելելով. «Մեր ձևով օգնելու ենք նրան»։

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը կարծում է, որ պետք է օգտագործել նմանատիպ դեպքերը հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։

«Իշխանություններն այնպես են ներկայացնում իրականությունը, կարծես իրենք այդ ադրբեջանցի զինվորի հետ ոչ մի գործ չունեն…Բա, ո՞ւր է պաշտպանության նախարարը, գեներալները, թող ճիշտ կազմակերպեն մեր զինվորների կեցավայրերը, ծառայությունները, որ նույնը մեր զինվորների հետ չլինի, ու նրանք էլ չմոլորվեն»,– կարծում է ընդդիմադիր գործիչը։

Հավելենք, որ ադրբեջանցի զինվորը դեռ կալանավայրում չէ. նա բուժում է ստանում երևանյան ԲԿ–ներից մեկում։

Sputnik Արմենիա

Leave a comment