Մարտի 1-ի գործով բարձրաստիճան ոստիկանի քրգործն ուղարկվել է դատարան․ Նա հրահանգել էր «Չերյոմուխա-7» արձակել

2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գ.Գ.-ի նկատմամբ։ Վերջինս 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնները։

Քրեական վարույթի ընթացքում պարզվել է, որ Գ.Գ.-ն, զբաղեցնելով հրամանատարի պաշտոնը, պատշաճ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ 2008 թվականին ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների օգտագործման ընթացակարգերը կարգավորող անհրաժեշտ իրավական ակտեր չեն գործել։

Մասնավորապես, քննությամբ հաստատված հանգամանքների համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Պարոնյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման վայրին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Գ.Գ.-ն անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող հրամանատարների միջոցով, ոստիկանության զորքերի զինծառայողներին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ կիրառել հատուկ միջոցներ։

Խոսքը «ԿՍ-23» տեսակի հատուկ կարաբիններից արձակվող «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակների մասին է, որոնք նախատեսված են փակ տարածքներում օգտագործելու համար։

Նշվում է, որ հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել էին ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել էին փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որոնց հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել էր, երկու անձի առողջությանը պատճառվել էր ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Դատախազը հոկտեմբերի 7-ին հաստատել է Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ գործի հետագա դատական քննությունն ապահովելու նպատակով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a comment