Լուկաշենկոն հուսով է, որ ՀՀ-ն կստանձնի ԱՊՀ նախագահությունը 2029-ին (PAN.am)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը:

Թուրքմենստանում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է կազմակերպության առաջիկա տարիների նախագահության հերթականությանը՝ առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանի ղեկավարության ընդունած որոշումը։

Նա պատմական է որակել Ադրբեջանի որոշումը՝ 2028 թվականին կազմակերպությունը նախագահելու վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու ԱՊՀ նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է:

Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կընդունի 2029 թվականին, սահմանված հերթականության համաձայն, իրականացնելու այս պատվավոր առաքելությունը»,– նշել է Բելառուսի ղեկավարը։

Բելառուսի նախագահն իր ելույթում երախտագիտություն է հայտնել նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ 2027 թվականին ԱՊՀ նախագահությունը ստանձնելու վերաբերյալ Ուզբեկստանի համաձայնության համար։

Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիներ ձեռնպահ են մնացել ԱՊՀ նախագահությունը ստանձնելուց՝ երկու պետությունների միջև առկա հակամարտության պատճառով։

Թուրքմենստանում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կայացած իրողություն է։

Leave a comment