Դատարանն արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Դատարանն արգելանք է դրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա, հայտնել է պատգամավորը։

Ղազարյանի հաշիվների վրա արգելանք է դրվել, ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։

«Իմ բազմազավակ ընտանիքը զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից»,- գրել է պատգամավորը։

Թե որ դատարանն է կայացրել որոշումը և ինչ գումարի չափով է դրվել արգելանքը, Ղազարյանը չի նշել։

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին դատարանը վարույթ է ընդունել Փաշինյանի հայցն ընդդեմ Ղազարյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և գումար բռնագանձելու պահանջներով։ Գործով երրորդ անձ է ներգրավված News.am-ը։

Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Ղազարյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած հայտարարությունը և 6 մլն դրամ (մոտ 16,5 հազար դոլար) փոխհատուցում վճարել։

Հայցը վերաբերում է սեպտեմբերի 27-ին Ղազարյանի՝ News.am-ին տված հարցազրույցում Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությանը։ Ղազարյանը պնդել էր, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական առաջխաղացումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ից հետո, երբ Փաշինյանը մեկնել էր Ստեփանակերտ, հրամանատարաշտաբային կետում խորհրդակցություն անցկացրել և վերադառնալուց հետո, ըստ Ղազարյանի, «սկսել թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։

Armenia Today

Leave a comment