Ուրալօղլու․ Կարս–Իգդիր–Դիլուջու երկաթուղին կնպաստի ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի տրանսպորտային կապի ամրապնդմանը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Դիլուջու երկաթուղին կնպաստի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային հաղորդակցության ամրապնդմանը։

«Կարս–Իգդիր–Դիլուջու երկաթուղային գծի շնորհիվ մենք ամրապնդում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը»,-ասել է նա, հայտնում է APA-ն:

Նախարարը տեղեկացրել է, որ 224 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթուղային նախագծի իրականացման աշխատանքները շարունակվում են։

Նա հավելել է, որ Անկարան շարունակում է նոր նախագծերի իրականացումը, որոնք ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը և երկաթուղային ցանցի ամրապնդմանը։

Կարս–Իգդիր–Դիլուջու երկաթուղին կառուցվում է Թուրքիայի արևելքում: Այն ճյուղավորվում է արդեն գործող Կարս-Թբիլիսի գծից՝ 12-րդ կմ-ում, և անցնում է Իգդիր և Արալիկ քաղաքներով մինչև Դիլուջու սահմանակետը՝ Նախիջևանի հետ սահմանին:

Leave a comment