Գողերը 5 միլիոն եվրոյի պրեմիում դասի գինի են գողացել Իտալիայի խոշորագույն ընտանեկան «Marchesi Antinori» գինեգործական ընկերությունից․ գրել է «Financial Times»-ը։
Ընկերությունը հայտնել է, որ հանգստյան օրերին յոթ պրոֆեսիոնալ գողերից բաղկացած խումբը ներխուժել է Կորտոնայում պահեստ այն պահին, երբ ընկերությունը պատրաստվելիս է եղել իր ամենաթանկարժեք գինիների խոշոր խմբաքանակն ուղարկել արտասահմանյան հաճախորդներին։
Հանցագործները շարքից հանել են ազդանշանային համակարգն ու գողացել մոտ 30 000 շիշ էլիտար գինի։ Դրանց մանրածախ գինը տատանվում է 150-ից 500 եվրոյի սահմաններում։ Կասկածյալները գինու արկղերը տեղափոխելու համար օգտագործել են երկու բեռնատար։
1385 թվականին Ֆլորենցիայում հիմնադրված «Marchesi Antinori»-ն աշխարհի ամենահին ընկերություններից մեկն է։ Այն իր արտադրանքն արտահանում է 170 երկիր և հանդիսանում է «Primum Familiae Vini»-ի՝ 12 ընտանիքից բաղկացած միավորման անդամ։
FT-ն նշել է, որ Antinori-ում տեղի ունեցած գողությունն ամենախոշորն է եղել իր տեսակի մեջ թե՛ Իտալիայում, թե՛ աշխարհում ինչպես գողացված շշերի քանակի, այնպես էլ դրանց ընդհանուր արժեքի առումով։
Antinori-ի գործադիր տնօրեն Ռենցո Կոտարելլան հույս է հայտնել, որ հավաքածուն կհաջողվի վերադարձնել։ «Այս գինիները մեծ արժեք ունեն, և ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ամբողջ աշխարհում վաճառել այսքան գինի՝ առանց բացահայտվելու… Գինեգործարանի աշխատակիցները լաց էին լինում։ Խնդիրը միայն գինու արժեքը չէ, այլ ավելին», – ասել է նա։ Նա հավելել է, որ Antinori-ն նաև ցանկանում է «պաշտպանել շուկան»՝ նախազգուշացնելով պոտենցիալ գնորդներին, որ «անսովոր աղբյուրներից գայթակղիչ գներով» առաջարկվող շշերը կարող են գողացված ապրանք լինել։