«Մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի Հայաստան, աշխատանքային քննարկում կունենանք»․ Նիկոլ Փաշինյան

«Երկաթուղու հետ կապված ԵԱՏՄ նախորդ նիստում պայմանավորվածություն ունեցանք, եւ այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի Հայաստան։ Մենք աշխատանքային քննարկումներ կունենանք եւ նաեւ որոշ հետեւություններ կանենք այդ քննարկման արդյունքում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն օրերս ասել էր, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը Երասխից Նախիջեւանի սահման եւ Գյումրիից Կարս երկաթուղային երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ։

«Նորությունը դա է, որ հանդիպում է տեղի ունենալու, թե հանդիպումից հետո ինչ կլինի, չեմ կարող կանխատեսել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ երկաթուղու Ախուրիկի եւ Երասխի հատվածների վերականգնման հարցով հետաքրքրվածություն է ցուցաբերել նաեւ ղազախական ընկերությունը։ Ըստ նրա՝ այդ հարցը եւս ռուսական կողմի հետ կքննարկեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ               

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment