2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպման ընթացքում ծնողների ներկայացուցիչը բարձրացրեց 2023 թվականի սեպտեմբերյան 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողների արտաշիրիմման ձախողված փորձերի խնդիրը։

Հանդիպման մասնակցի խոսքով՝ «Զինապահ» հիմնադրամի փոխհատուցումներից զատ, չափազանց կարևոր է իշխանությունների և պետական այրերի բարոյական ուշադրությունը, քանի որ «ամեն ինչ չի փողով չափվում»։

Չնայած հանդիպմանը մասնակցող քաղաքական ուժը, «Ուժեղ Հայաստանը», չունի խորհրդարանական մեծամասնություն, ծնողները ակնկալում են հետևողական բարձրաձայնում և աջակցություն խնդիրների լուծման հարցում։

Որպես առաջնահերթ ոչ սոցիալական խնդիր՝ բարձրացվեց 2023 թվականի սեպտեմբերյան 1-օրյա մարտական գործողությունների հետևանքով զոհված 51 զինծառայողների արտաշիրիմման հարցը։

Տղամարդու խոսքով՝ զոհված 51 զինծառայողների մարմիններից մոտ կեսը գտնվում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, իսկ մնացած մասը՝ մոտակա շրջաններում։

«2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին կատարվել էր հսկայական նախապատրաստական աշխատանք․ ճշտվել էին անունները, հարազատների տվյալները, իսկ Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները պատրաստակամություն էին հայտնել աջակցել տեղափոխմանը։ Սակայն 2-3 փորձերը անհայտ պատճառներով ձախողվել են, և գործընթացն ընդհատվել է»,- ասաց նա։

Ծնողների ներկայացուցիչը շեշտել է, որ ի տարբերություն Արցախում հայկական ավանդույթներով հուղարկավորված մյուս հերոսների, այս 51 զինծառայողները չունեն առանձին շիրիմներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment