Հայ թավջութակահար 15-ամյա Լիանա Ուլիխանյանը Գերմանիայում արժանացել է Landgraf von Hessen-Preis մրցանակին՝ Kronberg Academy-ի թավջութակի վարպետության դասերի արդյունքներով, հայտնել է Kronberg Academy-ն։
Ուլիխանյանը մրցանակը կիսել է 20-ամյա ամերիկացի թավջութակահար Մայլզ Լևինի հետ։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը 5000 եվրո է, ուստի դափնեկիրներից յուրաքանչյուրն ստացել է 2500 եվրո։
Landgraf von Hessen-Preis-ը սահմանվել է 1994 թվականին և շնորհվում է հատկապես հեռանկարային երիտասարդ թավջութակահարներին։
Այս տարի Kronberg Academy-ի վարպետության դասերին մասնակցել է շուրջ 35 երկրի 185 երիտասարդ երաժիշտ։ Վեց օրվա ընթացքում նրանք վարպետության դասեր են անցել հայտնի թավջութակահարների և մանկավարժների հետ, որոնց թվում են Ֆրանս Հելմերսոնը, Գարի Հոֆմանը, Յենս Պետեր Մայնցը, Վոլֆգանգ Էմանուել Շմիդտը և Իլդիկո Սաբոն։
Ուլիխանյանը ծնվել է Երևանում՝ 2010 թվականին, թավջութակ սկսել է նվագել չորս տարեկանից։ Նա սովորում է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և ուսանում Դենիս Սևերինի մոտ։ Ուլիխանյանը նախկինում ևս մասնակցել է Kronberg Academy-ի վարպետության դասերին։
Kronberg Academy-ն երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին աջակցող միջազգային կենտրոն է, որը մասնագիտացած է ջութակահարների, ալտահարների, թավջութակահարների և դաշնակահարների պատրաստման ու զարգացման գործում։ Ակադեմիայի թավջութակի վարպետության դասերն անցկացվում են երկու տարին մեկ՝ Kronberg Festival-ի շրջանակում։