Ռուսաստանի առողջապահական վերահսկողության մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հոկտեմբերի 8-ին հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունից հայտնել են, որ մահացած աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձանց համար կանխարգելիչ միջոցառումների ամբողջ համալիրն ավարտվել է, և վտանգավոր ախտածին միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ՌԴ Իրկուտսկի մարզում Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը, վարակվել ու դրա հետևանքով մահացել էր։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից»։