11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ

Սեպտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկից «մեջքի տրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Գ. Պ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալլա Մ.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, դպրոցում իր որդու՝ Գ. Պ.-ի և վերջինիս դասընկեր՝ 11-ամյա Զ. Վ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս ցուցափայտով հարվածել է որդու ձեռքին, ուսերին և մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Leave a comment