Համաշխարհային պետական պարտքը գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձր մակարդակին մոտ և մինչև 2030 թվականը կարող է գերազանցել համաշխարհային ՀՆԱ-ի 100%-ը, կարծում է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։
Նա առավել լուրջ խնդիր է տեսնում զարգացած տնտեսություններում, որտեղ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն գերազանցում է զարգացող երկրների և ցածր եկամուտներ ունեցող պետությունների ցուցանիշները։ Նրա խոսքով՝ բյուջետային խնդիրների լուծման համար այլևս հնարավոր չէ հույսը դնել միայն տնտեսական աճի արագացման վրա։
Գեորգիևայի խոսքով՝ առանձին դեպքերում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել արդեն հիմա, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության վրա ճնշումը նվազեցնելու համար։
ԱՄՀ-ի ղեկավարը նաև նախազգուշացրել է պահպանվող գնաճային ճնշումների մասին։ Գնաճի գործոնների թվում նա նշել է արհեստական բանականության ենթակառուցվածքների կառուցումը, էներգակիրների և պարենային ապրանքների գների կտրուկ տատանումները, ներմուծման մաքսատուրքերը, պաշտպանական ծախսերի աճը և պարտքի սպասարկման արժեքի ավելացումը։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Գեորգիևան ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական կենտրոնական բանկի և Ճապոնիայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը համարել է լիովին հիմնավորված քայլ։