Ամերիկյան Apple Inc.-ը հաջորդ շաբաթ կներկայացնի LG Electronics-ի հետ համագործակցությամբ մշակված մի շարք սարքեր՝ խելացի տան էկոհամակարգի համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Ապրանքների թվում կլինեն դռան զանգ, թերմոստատ և այլ աքսեսուարներ, որոնք համատեղելի են Apple-ի խելացի տան կառավարման նոր կենտրոնի (սմարթ-հաբի) հետ։
Apple-ը և LG-ն նաև մշակել են խելացի դռան փական, անվտանգության ներքին և արտաքին տեսախցիկներ, ինչպես նաև լուսարձակով տեսախցիկ։
Սարքերը կարտադրի LG-ն՝ իր ապրանքանիշով։ Նման մոդելը պետք է Apple-ին հնարավորություն տա արագ ընդլայնել խելացի տան իր էկոհամակարգը՝ առանց արտադրական և սպասարկման ծախսերի ամբողջ բեռը կրելու։
Անցած շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ Apple-ը հոկտեմբերի 13-ին նախատեսում է ներկայացնել մոտ 6 դյույմ անկյունագծով էկրանով սմարթ-հաբ։ Սարքը կարող է օգտատիրոջը ճանաչել ձայնով կամ դեմքով և ցուցադրել անհատականացված բովանդակություն՝ նրա կոնտակտները, հաղորդագրությունները, օրացույցը և այլն։ Ինտերֆեյսը նույնպես ավտոմատ կերպով կհարմարեցվի օգտատիրոջը։ Սմարթ-հաբը կսնուցվի USB պորտի միջոցով և մարտկոց չի ունենա։
Գործակալությունը նշել էր, որ նույն օրը ընկերությունը ցանկանում է ներկայացնել նաև նոր HomePod mini և Apple TV սարքերը, որոնք համալրված կլինեն ավելի արագ պրոցեսորներով՝ Siri-ի արհեստական բանականության մոդելների աջակցությունն ապահովելու համար։ Սարքերի դիզայնը չի փոխվի, սակայն HomePod mini-ն կթողարկվի նաև նոր գույներով, այդ թվում՝ կանաչ և վարդագույն։ Հետագայում նախատեսվում է թարմացնել նաև ավելի մեծ HomePod խելացի բարձրախոսը։
LG-ի սարքերի մշակումը հետ է մնացել Apple-ի սարքերի մշակման ժամանակացույցից, և դրանց շուկա դուրս գալը սպասվում է ոչ շուտ, քան մի քանի ամիս անց։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։