Մեր զրուցակիցն է ՄԳԻՄՕ-ի (MGIMO) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ Միջազգային միտումների վերլուծության, Կովկասյան համագործակցության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը։
– 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը Հայաստանում մեկնաբանեցին, թե Պուտինը ՀՀ իշխանություններին հասկացրեց, որ այդ հարցով շանտաժն այլեւս չի հաջողվի։ Մոսկվայո՞ւմ էլ են այդպես մեկնաբանում: Հայաստանը Ռուսաստանի համար այս տարածաշրջանում, որպես ազդեցության գոտի, այլեւս հետաքրքրություն չի՞ ներկայացնում։
– Եթե Ռուսաստանին հետաքրքիր չլիներ Հայաստանի հետ պահպանել ու ունենալ այն հարաբերությունները, որ մենք ունենք հիմա, դա ե՛ւ ռազմաքաղաքական դաշնակցությունն է, ե՛ւ տնտեսական ինտեգրացիան է եւ այլն, ապա Ռուսաստանը դա ուղղակի կդադարեցներ։ Կարեւոր է իրավիճակը չընկալել այնպես, թե Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների կարիքն ունի միայն Ռուսաստանը։ Դրա անհրաժեշտությունը միայն մենք չէ, որ ունենք՝ ահա թե ինչ էր ուզում ասել նախագահը, իմ կարծիքով։ Եթե Երեւանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու, զարգացնելու հեռանկարով, ապա` խնդրեմ, եթե` ոչ, մենք չենք կարող, չէ՞, որեւէ մեկին պարտադրել, դա, ի վերջո, Հայաստանի խնդիրն է։
– Այսինքն, եթե մեր իշխանությունների օրակարգում չկա ռազմաբազան ՀՀ տարածքից դուրս բերելու հարցը, ուրեմն դրա առկայությունը նրանց անհրաժե՞շտ է։
– Որքան ես գիտեմ, ոչ ոք այդ մասով հարց չի դնում։ Բայց ավելի լավ է` դուք իրենց հարցրեք, թե ինչու այդ մասին չեն խոսում։ Հասկանալի է, որ Հայաստանի հանրությունը հիասթափված է Ռուսաստանից, դժգոհ է Ռուսաստանից` բազմաթիվ պատճառներով։ Դա ֆիքսել են սոցհարցումներով, քաղաքական կուսակցությունների հռետորաբանությամբ՝ դա հասկանալի է, այդպես լինում է։ Մի դաշնակիցը կարող է դժգոհ լինել մյուս դաշնակցից, բայց իրավական անվտանգության երաշխիքը, որը Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի։ Հնարավոր է, որ մեկ ամսից կամ մեկ տարուց, չգիտեմ, ԱՄՆ-ն Հայաստանին այնպիսի երաշխիքներ տա, որոնք ՌԴ-ն է տալիս Հայաստանին, բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Եվ այդ իրավիճակում, իհարկե, մի քիչ ռիսկային է դաշնակիցներից հրաժարվելը։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, չի դադարեցնում երկկողմանի հայ-ռուսական ռազմաքաղաքական միությունը, ՀՀ-ից դուրս չի բերում ռուսական 102-րդ ռազմաբազան։ Իսկ նախագահի հայտարարություններն ուղղված էին նրան, որ թեման դուրս բերվի Հայաստանի ներքաղաքական օրակարգային կոնյունկտուրայից։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: