Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում աշակերտուհուն բռնության ենթարկած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննական մարմնի տվյալներով` ուսուցչուհին 2–րդ դասարանի աշակերտուհուն հարվածել է դասարանի ներսում և դպրոցի միջանցքում։
Քննչական կոմիտեն հաստատել է փաստը, որ սեպտեմբերի 30-ին դասի ժամանակ խոսելու համար ուսուցչուհին ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն։
Նախաքննական մարմնի տվյալներով` դրանից հետո երեխան դուրս է փախել միջանցք, սակայն ուսուցչուհին հետևել է նրան, ձեռքով հարվածել և քաշելով վերադարձրել դասասենյակ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացել են հոկտեմբերի 6-ին, և գործով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքի առիթով ՀՀ ՔԿ–ն վարույթ է նախաձեռնել։ Ի դեպ, երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։
Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսուցչուհին և տվյալ դպրոցի տնօրենը հրավիրվել են իրենց մոտ, և ուսուցչուհին խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։