39-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Պեդրոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Կիսապաշտպանն առանց ակումբի էր մնացել հունիսի 30-ին իտալական «Լացիո» ֆուտբոլային ակումբից հեռանալուց հետո։ Իսպանացին իր որոշման մասին հայտնել է սոցցանցերում։
«Զգում եմ, որ ճիշտ պահն է։ Ժամանակն է հաջորդ քայլն անելու և կյանքիս նոր գլուխը սկսելու։ Հեռանում եմ՝ հպարտանալով, որ իրականացրել եմ երազանքս, ինչպես նաև այն բոլոր մարդկանցով, ովքեր կողքիս են եղել և օգնել են այն իրականություն դարձնել։ Շնորհակալություն, ֆուտբոլ, ինձ այսքան երջանիկ դարձնելու համար», – գրել է Պեդրոն։
Պեդրոն Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել է 2010 թվականի աշխարհի առաջնության և 2012 թվականի Եվրոպայի առաջնության տիտղոսները, իսկ ակումբային մակարդակում՝ Չեմպիոնների լիգայի երեք գավաթ («Բարսելոնա»), Պրեմիեր լիգայի տիտղոս («Չելսի»), Լա Լիգայի հինգ տիտղոս, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի երեք տիտղոս, Եվրոպայի լիգայի գավաթ, աշխարհի ակումբային առաջնության երկու տիտղոս, Անգլիայի գավաթ, Իսպանիայի գավաթի երեք և Իսպանիայի սուպերգավաթի չորս տիտղոս։ Ընդհանուր առմամբ՝ նա նվաճել է 25 տիտղոս։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որն ընդգրկել է ելույթներ «Բարսելոնայում», «Ռոմայում», «Չելսիում» և «Լացիոյում», ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականում, նա անցկացրել է 841 պաշտոնական հանդիպում և խփել ավելի քան 200 գոլ։