«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան

Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրը կենդանիների պահման տարածքից համապատասխան թույլտվության չի ունեցել, ուստի 2 գորշ արջի տեղափոխել են Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

Տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։

Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

Հիշեցնում ենք՝վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»։

Leave a comment