Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհու նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքով ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և ձերբակալման որոշում կայացվել։

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ստացել, որի համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ընթացքում խոսելու պատճառով ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն։ Այնուհետև, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել դասասենյակից, ձեռքով հարվածել անչափահասին և քաշելով նրան վերադարձրել դասասենյակ։

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացրել ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է։

Ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment