Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որի արդյունքում կստեղծվի Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի նոր մոդելի և ժամանակակից թվային ու վերլուծական համակարգի լիարժեք գործարկման օրենսդրական հիմքերը։ Միաժամանակ կիրականացվի հաշվառվող տվյալներից յուրաքանչյուրի հաշվառման նպատակահարմարության գնահատում։
Նախատեսվում է անցում կատարել միասնական էլեկտրոնային և տվյալահեն համակարգի, որը հնարավորություն կտա տարբեր մարմինների տվյալները հավաքագրել և համադրել մեկ միջավայրում՝ ապահովելով դրանց արագ փոխանցումը, համադրելիությունը և արդյունավետ վերլուծությունը։
Հստակեցվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և հետախուզումների վերաբերյալ հաշվառման ենթակա տեղեկությունների շրջանակը, ինչպես նաև պետական մարմինների շրջանակը, որոնց տրամադրած տվյալների հիման վրա իրականացվելու է միասնական կենտրոնացված հաշվառումը։
Նոր համակարգը նախատեսված է ոչ միայն տվյալների հաշվառման և վիճակագրության ձևավորման, այլև հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացման համար։ Այն հիմք կստեղծի հանցավորության օրինաչափությունների և տարածական բաշխվածության վերլուծության, ռիսկերի ու սպառնալիքների գնահատման, միտումների կանխատեսման և ռիսկերի վաղ բացահայտման համար։ Էլեկտրոնային համակարգի միջոցով կկատարելագործվեն նաև հանցավորության քրեաբանական վերլուծական կարողությունները, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։
Հանրության համար վիճակագրական տեղեկատվությունը առավել բաց և հասանելի դարձնելու նպատակով կամրագրվի հանցավորության վիճակագրության բաց հարթակի ստեղծման պահանջը։ Այս լուծումը միտված է նաև իրավապահ մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը։
Օրենսդրական փոփոխությունները հիմքեր կստեղծեն ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ժամանակակից տվյալահեն, հետազոտական և վերլուծական կառույցի լիարժեք գործունեության համար։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: