ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար ռիսկեր է տեսնում թանկ նավթի, ռեկորդային պետական պարտքի և ԱԲ ներդրումների բումի ֆոնին

Համաշխարհային տնտեսությունը ռիսկերի է բախվում էներգակիրների կայուն բարձր գների, պետական պարտքի ռեկորդային մակարդակի, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում ներդրումային բումի հետ կապված վտանգների պատճառով, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

Օրերս Սինգապուրում՝ հաջորդ շաբաթ Բանգկոկում կայանալիք ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումներին ընդառաջ, Գեորգիևան հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վրա միաժամանակ ազդում են երկու հակադիր ուժեր՝ առաջարկի կրճատմամբ պայմանավորված էներգետիկ շոկը և արհեստական բանականության զարգացմամբ պայմանավորված պահանջարկի կտրուկ աճը։ Նրա խոսքով՝ այս երկու գործոնների համակցված ազդեցությունը զգալիորեն տարբերվում է երկրից երկիր։

«Ինչպես ցույց կտա Համաշխարհային տնտեսության հեռանկարների (World Economic Outlook, WEO) մեր հերթական զեկույցը, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, այս տարի տնտեսական աճն առավել մեծ հարված կստանա ռազմական գործողությունների մեջ ներգրավված երկրներում», — հայտարարել է Գեորգիևան՝ առանձնացնելով Ուկրաինան և Պարսից ծոցի տարածաշրջանը։

Ավելի չափավոր տնտեսական դանդաղում է նկատվում նաև մի շարք այլ խոցելի երկրներում, որոնք կախված են էներգակիրների ներմուծումից և ունեն սահմանափակ բյուջետային ու դրամավարկային հնարավորություններ՝ նման ցնցումների հետևանքները մեղմելու համար։
Միևնույն ժամանակ, որոշ երկրներում տնտեսական աճը կարող է արագանալ արհեստական բանականության շնորհիվ, որն արագորեն վերածվում է համաշխարհային տնտեսությունում երկրների դիրքը որոշող առանցքային գործոններից մեկի։

«Համաշխարհային ԱԲ ներդրումները՝ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությամբ, կհասնեն և, հավանաբար, կգերազանցեն երկաթուղիների, էլեկտրացանցերի կամ հեռահաղորդակցության ցանցերի կառուցման համար կատարված ներդրումների մակարդակը։ Մեր գնահատմամբ՝ ԱԲ-ի համար նախատեսված սարքավորումներին և դրա հետ կապված տեխնոլոգիական արտադրանքին արդեն բաժին է ընկնում ապրանքների համաշխարհային առևտրի ավելի քան մեկ տասներորդը, և այդ մասնաբաժինը շարունակում է աճել», — նշել է Գեորգիևան։

Նրա խոսքով՝ ԱԲ-ի հետ կապված պահանջարկի աճը խթանում է ներդրումները, մասնավորապես, ԱՄՆ-ում, Չինաստանում և Հնդկաստանում։
Գեորգիևան նշել է, որ էներգետիկ շոկի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա առայժմ սահմանափակ է, սակայն նավթի գինը շարունակում է պահպանվել մեկ բարելի դիմաց մոտ 100 դոլարի մակարդակում։

«Էներգակիրների բարձր գները բարձրացնում են գնաճը, տոկոսադրույքները և պետական պարտատոմսերի եկամտաբերությունը», — ասել է նա։
Գեորգիևայի խոսքով՝ դա իր հերթին նպաստում է բյուջետային պակասուրդների, պետական պարտքի և դրա սպասարկման ծախսերի աճին։
Հուլիսին ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 3%-ով, իսկ 2027 թվականին՝ 3.4%-ով։ Չորեքշաբթի իր ելույթում Գեորգիևան չի նշել՝ արդյոք այդ կանխատեսումները կվերանայվեն։

Leave a comment