Դատախազությունը պահանջում է գործն ուղարկել նոր քննության

Դատախազությունը պահանջում է գործն ուղարկել նոր քննության

Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է վերացնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը։

  Այդ հիմքով բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։ Դատախազությունը պահանջում է գործն ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

   Հիշեցնենք, որ  Դավիթ Ավետիսյանը  ձերբակալվել էր 2023 թվականի հուլիսի 3-ին։ Նրան խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «Անգլիական» այգու մոտ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «դավաճան» և «վիժվածք»՝ նշելով, որ նա պատասխան է տալու նահատակված հերոսների համար։

2024թ. նոյեմբերին Երեւան քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Դավիթ Ավետիսյանին եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝ 525․000 դրամի չափով: Այս վճիռը Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել էր, ուղարկել նոր քննության։ Մոտ երեք տարի տեւած դատական քաշքշուկներից հետո, առաջին ատյանի դատարանը կարճել է քրեական վարույթը եւ  դադարեցրել Դավիթ Ավետիսյանի  նկատմամբ հետապնդումը:

 

 

 

Leave a comment