Հոկտեմբերի 9–ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում

Բաժանորդագրվել

Մոլորակի գեոմագնիսական դաշտը հանգիստ վիճակի կվերադառնա հոկտեմբերի 11-ին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 9-ին Երկրի վրա թույլ և միջին մակարդակի մագնիսական փոթորիկներ են սպասվում։ Այս մասին հայտնել է ռուսական «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

Նա նշել է, որ այս շաբաթն արեգակնային ակտիվության աճով է սկսվել։

«Արեգակի վրա ինտենսիվությամբ նախավերջին M մակարդակի մի քանի բռնկումներ են տեղի ունեցել, որոնցից երկուսը, որոնք գրանցվել են հոկտեմբերի 6-ին` օրվա առաջին կեսին համեմատաբար մեծ չափերի պլազմային երկու ամպ են նետել Երկրի ուղղությամբ», – գրել է Լեուսը «Telegram»-ում։

Նա հավելել է, որ կանխատեսումների միջազգային կենտրոնների տվյալներով՝ արեգակնային նյութի ամպերը Երկիր կհասնեն հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան։

«Գեոմագնիսական դաշտի խանգարումները կտևեն մոտ երկու օր, հոկտեմբերի 9-ին G1-G2 մակարդակի թույլ և միջին մագնիսական փոթորիկների ձևավորման հնարավորություն կա։ Մագնիսական փոթորիկների հավանականությունը մոտ 80% է», – ասել է Լեուսը։

Նա նշել է, որ մոլորակի գեոմագնիսական դաշտը հանգիստ վիճակի կվերադառնա հոկտեմբերի 11-ին։

Leave a comment