Վարչապետ․ Երկաթուղու թեմայով վերջնագրային լեզվով խոսելու մտադրություն չունենք

Հայաստանը երկաթուղու հարցում չի պատրաստվում վերջնագրային լեզվով խոսել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Infocom-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքի վաճառքի հարցին։

Վարչապետը նշել է, որ իրավական տեսանկյունից առկա են անհրաժեշտ բոլոր հիմնավորումները, սակայն հարցը քաղաքական որոշման դաշտում է։ Լրագրողը հետաքրքրվել է, թե երբ է խնդրի լուծման վերջնաժամկետը։

«Վերջնաժամկետ սահմանելը նշանակում է վերջնագրի լեզվով խոսել։ Վերջնագրային լեզուն միջազգային հարաբերություններում լավ բան չէ, մենք վերջնագրային լեզուներով չենք խոսելու։ Կառավարությունն ունի գործիք, նույնիսկ հիմնավորում` կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու»,- պատասխանել է ՀՀ վարչապետը՝ չպարզաբանելով, թե ինչ հիմնավորման մասին է խոսքը, գրում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում, երբ համապատասխան ժամանակը գա, այդ հարցի մասին ևս կխոսեն։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարժվել բարեկամական ճանապարհով, ինչի համար ռուսական կողմին խնդրում է կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով հանձնվել է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ պայմանագիրը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

2025 թվականի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթուղու մի քանի հատվածների հրատապ վերականգնման հարցով։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մի քանի օր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային այդ հատվածները և սեփական միջոցներով վերանորոգել դրանք։

Փետրվարին Փաշինյանն առաջարկել է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրի։ Ավելի ուշ վարչապետը չի բացառել, որ երկաթուղիների կառավարման շուրջ հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։

Leave a comment