Հայ դպրոցականները հերթական լուրջ հաջողությունն են գրանցել միջազգային կրթական ասպարեզում։ Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադայից Հայաստանի թիմը վերադառնում է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով։
ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ստուգատեսին մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ։ Չորս բարդ փուլերից՝ տեսական, դիտակի, տվյալների վերլուծության և պլանետարիումի արդյունքներով, Հայաստանի թիմից արծաթե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Շիրոյանը։
Բրոնզե մեդալներ են նվաճել նույն դպրոցի սաներ Նատալի Մարգարյանը, Բագրատ Բագրատյանը և ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Էմիլ Հարությունյանը։ Թիմի կազմում էր նաև «Շիրակացու ճեմարան» համալիրի սան Դավիթ Բադալյանը։ Օլիմպիականների պատրաստությունն ու մասնակցությունը ղեկավարել են Արտաշես Մկրտչյանն ու Արտավազդ Հարությունյանը։