Brabus-ը ներկայացրել է այնպիսի մոտոցիկլ, որը հնարավոր չէ չգնել

Brabus ընկերությունը DAB Motors-ի և հագուստ արտադրող ճապոնական Fragment ապրանքանիշի հետ համատեղ ստեղծել է նոր Urban E Fragment Edition մոտոցիկլը։ Սա 2026 թվականին գերմանական թյունինգ-ատելիեի ներկայացրած չորրորդ մոտոցիկլն է։ Սակայն այս նորույթն առանձնանում է մյուսների ֆոնին իր յուրահատուկ արտաքինով, որը համադրում է դասական գույներ․ սև թափքը հակադրվում է սպիտակ նստատեղերին և անիվներին։

Brabus-ը կթողարկի Urban E Fragment Edition-ի ընդամենը 10 օրինակ։ Պաշտոնական գները դեռևս հայտնի չեն։ Սակայն, հաշվի առնելով հայտարարված բնութագրերը և սահմանափակ թողարկումը, կարելի է ենթադրել, որ նորույթը շատ թանկ կարժենա։

Մոտոցիկլը համալրված է 37 ձիաուժ հզորությամբ մեկ էլեկտրաշարժիչով (անվանական հզորությունը՝ 18 ձիաուժ), որը զարգացնում է մինչև 475 Նմ ոլորող մոմենտ։ Նորույթն աջակցում է աշխատանքի հինգ ռեժիմի։ Դրանցից մեկում շարժիչի հզորությունը 10 վայրկյանով զգալիորեն մեծանում է, իսկ երկրորդում առավելագույն արագությունը արհեստականորեն սահմանափակվում է 60 կմ/ժ-ով։ Մոտոցիկլը կարող է զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն։

Նորույթի մեկ լիցքավորմամբ ընթացքի պաշարը կազմում է 150 կմ։ Կառուցվածքի բազմաթիվ դետալներ, այդ թվում՝ Urban E Fragment Edition-ի թափքը, Brabus-ի ինժեներները պատրաստել են ածխածնային մանրաթելից։ Նորույթը համալրված է կոմպակտ էկրանով, որը ցուցադրում է ընթացիկ արագության և մարտկոցի լիցքավորման մակարդակի վերաբերյալ տեղեկատվությունը։ Կաշվով պատված նստատեղի բարձրությունը կարելի է կարգավորել 800-880 մմ սահմաններում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment