«Ձեզ եմ ուզում ներկայացնել հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող պետական ֆենոմենի մասին և ներկայացնել հաղորդում հանցագործության մասին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման և պետական բյուջեին էական վնաս պատճառելու առերևույթ դեպքի առթիվ»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորն ասաց, որ ՀՀ-ում շուրջ 60 ընկերություն ապօրինի կապարակնքված են, հիմնավորումն այն է, որ տվյալ բիզնեսները հարկեր են թաքցրել․ «Իրավիճակի զավեշտը։ Ընդամենը 3 ընկերության մասով պաշտոնական հարցում եմ ուղարկել ՊԵԿ և ստացել եմ պաշտոնական պատասխան, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ խոսքս ընդամենը մեկ ամսվա մասին է, միայն 3 ընկերություն 100 միլիոն դրամից ավելի հարկ է վճարել պետական բյուջե։ Քննչականի և ՊԵԿ-ի ապօրինի գործողությունների հետևանքով ընդամենը 3 ընկերության մասով պետբյուջեն զրկվել է 100 միլիոն դրամից ավելի գումարից»։
Ագնեսա Խամոյանն ասաց, որ դատարանները կապարակնքված բիզնեսների մասով օրինական ուժի մեջ մտած վճիռներ ունեն․ «Բայց քննչականը շարունակել է հանցագործություն գործել և դատարանի որոշումը, որն անմիջապես կատարման է ենթակա, չի կատարում։ Օլիմպավանի հետ կապված ևս որոշում կա»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: