ԵՄ-ում գազի գները բարձրացել են 140%-ով, սակայն Եվրահանձնաժողովը պահանջում է դադարեցնել գնումները Ռուսաստանից

Տարեսկզբից ի վեր ԵՄ երկրներում գազի գները բարձրացել են 140%-ով, սակայն Եվրահանձնաժողովը շարունակում է պահանջել մինչև 2027 թվականի ավարտը ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից գազի գնումներից և մտադիր է համախմբել ու վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներկրման գործընթացը։ Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Փետրվարից ի վեր ԵՄ-ում գազի գները բարձրացել են 140%-ով»,- ընդգծել է նա։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր ԵՄ-ն գազի ներկրման համար 100 միլիարդ եվրո ավելի է վճարել, քան 2025 թվականին՝ չնայած նրան, որ նախկինի համեմատ «ո՛չ մի մոլեկուլ ավելին» չի ներկրել։

Ըստ Eurostat-ի տվյալների՝ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում եվրոպական երկրների կողմից գազի ներկրումը նվազել է ավելի քան 5%-ով՝ համեմատած 2025 թվականի հետ։ «Մենք բոլորս զգում ենք այս գների ազդեցությունը։ Բիզնեսը ճնշման տակ է, մարդիկ դժվարությամբ են վճարում իրենց հաշիվները, և իրավիճակը կարող է վատթարանալ ձմռան մոտենալուն զուգընթաց»,- ասել է ֆոն դեր Լայենը՝ կոչ անելով «անհապաղ գործողություններ» ձեռնարկել, որպեսզի ԵՄ-ն «այս ճգնաժամից դուրս գա ավելի ուժեղացած»։

Նա կոչ է արել ավելացնել ներդրումները «կանաչ» և միջուկային էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև կրճատել Ռուսաստանից գազի գնումները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից գազի ներկրումը հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ եվրոպական ընդհանուր ներկրման 45%-ից այժմ նվազել է մինչև 12%-ի։ «ԵՄ-ն մինչև հաջորդ տարվա ավարտը այս ցուցանիշը կհասցնի զրոյի»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լայենը նաև նախաձեռնություն է առաջարկել՝ ԵՄ երկրների համար գազի գնման բոլոր գործառնությունները փոխանցել Եվրահանձնաժողովին կամ Հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող եվրոպական միասնական օպերատորին։ «Մենք պետք է համախմբենք գազի պահանջարկը և լիազորենք շուկայի միասնական օպերատորին՝ իրականացնելու բոլոր համատեղ գնումները», – ասել է ֆոն դեր Լայենը։

Leave a comment