ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ ՔՊ-ն ցանկանում է արտահանձնել հայի վրա կրակած ադրբեջանցուն՝ միաժամանակ պահանջելով նրան պատասխանատվության ենթարկել։
«Մարդը, ով զենք է պահում հայի վրա, պետք է պատասխանատվության ենթարկվի, պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը:
Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանում հային վնաս պատճառած անձինք հերոսացվում են։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջիկայում պատրաստվում է դիմում ներկայացնել՝ Շաքի ներխուժած ադրբեջանցու դեպքն ու բանակում արձանագրված ինքնասպանություններն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար։
«Մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է այսքան զինվոր ինքնասպանության դիմում։ Ժողովո՛ւրդ, Շաքիի բնակչության 80 տոկոսը հավատացել էր ՔՊ-ին, իրենց հայրենի գյուղը հիմա շունն է պաշտպանում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: