Հանրապետության հրապարակի շատրվանների տեխնիկական համակարգերը նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել՝ ընդլայնելով դրանց ջրային, լուսային և ձայնային հնարավորությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ շատրվանները նոր կյանք են ստանալու:
«Այս տարի լրանում է Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։ Խորհրդանշական այս տարում, շատրվանների վերջին վերանորոգումից մոտ 20 տարի անց, պատրաստվում ենք նաև շատրվանների համալիր արդիականացմանը՝ ջրային շոուների և շատրվանային համակարգերի նախագծման ոլորտում երկարամյա միջազգային փորձ ունեցող ֆրանսիական Aquatique Show International ընկերության հետ։
Այսօր շատրվանների տեխնիկական համակարգերն արդեն զգալիորեն մաշված են, իսկ դրանց հնարավորությունները՝ սահմանափակ։ Գործող համակարգը չի ապահովում ժամանակակից ջրային ու լուսաձայնային էֆեկտներ, իսկ երաժշտական ծրագիրը գրեթե հնարավոր չէ թարմացնել։
Նախագծով տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն՝ ստեղծելով նոր ջրային, լուսային ու ձայնային հնարավորություններ և թույլ տալով պարբերաբար թարմացնել ծրագիրը։ Աշխատանքների ավարտին կունենանք Հանրապետության հրապարակի գեղեցկությանը համահունչ և քաղաքի գլխավոր հրապարակին արժանի շատրվաններ»,-գրել է նա: