Խուդաթյանը թուրքական պատվիրակության հետ քննարկել է Գյումրի-Կարս էլեկտրագծի վերագործարկումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի ղեկավարած պատվիրակությանը։ Նախարարն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Անդրադարձ ենք կատարել Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում»,-նշել է նա:

Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a comment