Երբ Ադրբեջանի նախագահը կառավարող կուսակցության համագումարում հայտարարում է, թե «հույզերի չեն տրվել», այլապես կարող էին Երեւանում էլ մի «հաղթակամար» կանգնեցնել, Հայաստանում շատերը դա դիտում են «փաստարկ» միջազգային իրավունքի օգտին։ Իբրեւ թե՝ Ադրբեջանի նախագահը այդպիսով հաստատում է, որ իրենք կանգնեցրել են միջազգային իրավունքն ու դրանից բխող խնդրի հեռանկարը։ Եվ դա էլ իր հերթին փորձում են դարձնել «փաստարկ» առ այն, որ միջազգային իրավունքը պաշտպանում է Հայաստանը, իսկ ահա Արցախի դեպքում այն Ադրբեջանի կողմն էր։
Գործնականում, սա ինքնախաբեության, կամ էլ Հայաստանի հանրության ինքնագիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու մի հերթական դրվագ է։ Միջազգային իրավունքի հանդեպ որեւէ ակնածանք կամ կաշկանդվածություն ունենալու պարագայում, Ադրբեջանն, օրինակ, որեւէ ափսոսանքի ծպտուն կհաներ իր զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու եւ Հայաստանի խաղաղ բնակիչ կնոջն ու նրա երեխաներին սպառնալու համար։ Մինչդեռ, այդ ընթացքում Ալիեւը սպառնում է Հայաստանի ոչ միայն նախկին, այլ արդեն նաեւ ներկա իշխանությանը։ Միջազգային իրավունքի հանդեպ որեւէ ակնածանք կամ կաշկանդվածություն ունենալու դեպքում, Իլհամ Ալիեւը կհրահանգավորեր վերջ տալ «Արեւմտյան Ադրբեջան» նախագծին ու դրա դրսեւորումներին, այլ ոչ թե կհասցներ այն մինչեւ ՄԱԿ ԳԱ ամբիոն։
Հետեւաբար, հարցը բացարձակապես «միջազգային իրավունքի» երկաթյա պաշտպանության դաշտում չէ։ Պարզապես, Ալիևն, ըստ էության, արձանագրում է, որ Ադրբեջանը ապավինել է ոչ թե իր, այլ Հայաստանի իշխանության «հույզերին»՝ իշխանության կորստի վախին, որի հիման վրա էլ կառուցել է Հայաստանի հանդեպ հավակնություններն առանց ավելորդ ռազմական շարժերի առաջ մղելու քաղաքականությունը։ Ալիեւը չի տրվում իրենց «հույզերին», այլ լիուլի ապավինել ու ապավինում է իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի «հույզերին», որոնք միանգամայն բավարար են Ադրբեջանի պայմաններով ու պահանջներով թելադրվող «խաղաղությունը» Հայաստանի հանրության մի ստվար մասի վրա իբրեւ «մանանա» վաճառելու համար։
Իր «հույզերը» Ալիեւն ըստ երեւույթին խնայում է, թերեւս հաշվարկելով, որ դրանք դեռ պետք կգան։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: