Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի խափանման միջոցը փոխվեց

«Ա1+». Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ կրկին բացակայելու արգելքն է կիրառվել որպես խափանման միջոց։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը վերացրել է որպես խափանման միջոց կիրառված և կադաստրում գրավադրված 82 մլն դրամ արժողությամբ գույքի արգելանքը։

Հիմքը եղել է Առողջապահության նախարարությունից ստացված և հանրային մեղադրողի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերը, համաձայն որի՝ Սաշա Աֆյանի հիվանդությունների և վիճակի ախտորոշման, հետազոտման և բուժման համար ՀՀ-ում առկա են համապատասխան բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ։

Դատարանը որոշման կայացման համար էլ ավելի էական նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ Սաշա Աֆյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, ինչի վերաբերյալ վերջինս չի հայտնել վարույթ իրականացնող մարմնին՝ ո՛չ նախաքննության, ո՛չ էլ դատաքննության փուլերում, այդ թվում նաև նախնական դատալսումների՝ իր անձնական տվյալների վերաբերյալ հարցերի ներկայացման շրջանակներում։ «Դատարանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ սոցիալական ամուր կապը չներկայացնելը, այլ վերաբերելի տվյալների համակցությամբ, վկայում է Սաշա Աֆյանի կողմից ՀՀ տարածքը լքելու միջոցով վարույթից թաքնվելու ռիսկի առկայության մասին։ Մասնավորապես, մեղադրյալի կողմից իր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու փաստը վարույթն իրականացնող մարմնից թաքցնելը/չհայտնելը վկայում է այն մասին, որ վերջինս վարույթի շրջանակներում չի ներկայացրել իր անձնական տվյալների վերաբերյալ էական նշանակություն ունեցող տեղեկատվությունը, ինչը դատարանի գնահատմամբ կարող է լինել փախուստի ռիսկի առանձին և էական դրսևորում»,- նշված է դատարանի որոշման մեջ։

Միաժամանակ, դատարանը փախուստի ռիսկի գնահատման համատեքստում էական է համարում նաև այն հանգամանքը, որ Սաշա Աֆյանը բուժում ստանալու նպատակով նախատեսել էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ այն պետություն, որի քաղաքացին հանդիսանում է։ Այս հանգամանքը ևս խոսում է մեղադրյալի՝ փախուստի դիմելու հնարավոր հավանականության մասին։

Հիշեցնենք, որ Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment