Արդի մոտեցում պարարտանյութերի կիրառմանը. ՌԴ արտահանման կենտրոնը ՀՀ–ում սեմինար է արել

Բաժանորդագրվել

Սեմինարը նվիրված էր պարարտանյութերի կիրառման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Արտահանման կենտրոնը Երևանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության հարթակում սեմինար է կազմակերպել տեղի գյուղմթերք արտադրողների համար։

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության հարթակում կայացել է մասնագիտացված սեմինար Հայաստանի ագրարային ոլորտի ներկայացուցիչների համար՝ նվիրված պարարտանյութերի կիրառման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը»,-ասված է առևտրային ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի Արտահանման կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և Սանկտ Պետերբուրգի «Լինգո Գումատ» ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացած է պարարտանյութերի մշակման ու արտադրության, ինչպես նաև բուսաբուծության արդյունավետության բարձրացման լուծումների ոլորտում։

«Սեմինարի ընթացքում ռուսաստանցի արտադրողները հայ գործընկերներին ներկայացրել են բույսերի սնուցման ոլորտի ժամանակակից լուծումները, պատմել են պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունների մասին և ցուցադրել են դրանց օգտագործման հնարավորությունները բերքատվության բարձրացման ու գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Առևտրային ներկայացուցչությունում նշել են, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է ռուսաստանցի արտադրողների և հայաստանյան ձեռնարկությունների միջև ուղիղ շփումների զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և Հայաստանի շուկա ռուսական արտադրանքի մատակարարումների հնարավորությունների ընդլայնմանը։

Leave a comment