Թեպետ դեռևս պարզ չէ, թե ինչո՞ւ է ադրբեջանցին լքել իր զորամասն ու ինչ հանգամանքներում է հայտնվել Հայաստանում (համենայն դեպս հանրությանը չի իրազեկվում), բայց նրա ագրեսիվ պահվածքը լիովին բացատրվում է այն քարոզչությամբ, որն այսօր իշխող է Ադրբեջանում։
Եթե այդ զինծառայողը պարզապես փախուստի դիմած լիներ իր զորամասից ու որպես դասալիք անցած լիներ սահմանը, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է ինքնակամ հանձնվեր ու Հայաստանի իշխանություններից ապաստան խնդրեր։ Սակայն նա ոչ միայն չհանձնվեց, այլև փորձում էր պատանդ վերցնել մի ողջ հայ ընտանիք, իսկ ընթացքում էլ փորձեց սպանել տանտիրուհուն։ Եթե չլիներ տանտիրուհու՝ Անի Ավետիսյանի ու նրա երեխաների քաջարի դիմադրությունը, ապա մենք չէինք խուսափի զոհերից։
Հետևաբար հարց է առաջանում. ինչո՞ւ էր նա փորձում պատանդ վերցնել մի ողջ ընտանիքի։ Ի՞նչ պահանջ պետք է ներկայացներ Հայաստանի իշխանություններին. որպեսզի իրեն վերադարձնեն Ադրբեջանի՞ն։ Այդ դեպքում նման ծայրահեղ քայլերի դիմելու անհրաժեշտություն չէր առաջանա. կարող էր ընդամենը հայտարարել, որ մոլորվել է, ու կվերադարձվեր առանց որևէ բարդության։ Իսկ եթե պատանդ էր վերցնում հայ ընտանիքին, որպեսզի իր պահանջները ներկայացներ ադրբեջանական իշխանությանը, ապա նման քայլն անմտություն կլիներ, քանի որ իր հայրենի իշխանությունները չէին գնա որևէ զիջման՝ հանուն հայ ընտանիքի։
Ուստի այդ ադրբեջանցու քայլերի ամենաողջամիտ բացատրությունը պայմանավորված է այն հայատյաց քաղաքականությամբ, որն արդեն երկար տարիներ վարվում է Ադրբեջանում՝ դեռևս մանկապարտեզից սկսած։
Ադրբեջանում հերոսության ցուցիչը հայ սպանելն է, ընդ որում՝ կապ չունի, թե ինչ պայմաններում է տեղի ունենում սպանությունը՝ ռազմի դաշտո՞ւմ, թե՞ քնած ժամանակ։ Կապ չունի, թե ինչ միջոցով է տեղի ունենում սպանությունը՝ հրազենո՞վ, թե՞ կացնով։ Նույնիսկ կապ չունի սպանվող հայի տարիքն ու սեռը։
Հիշենք, որ Քարվաճառում ադրբեջանցի տականքների ձեռքով սպանվեց 17-ամյա հայ պատանին, և որոնց Ադրբեջանը պահանջեց 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանում հերոս է այն ադրբեջանցին, որը սպանում է հային. վե՛րջ, մնացած հանգամանքները կարևոր չեն։
Հետևաբար Հայաստան թափանցած ադրբեջանցին, եթե նույնիսկ դասալիք է կամ մոլորությամբ է հայտնվել Հայաստանում, ցանկանում էր ոչ միայն արժանանալ իր երկրի իշխանությունների ներմանը, այլև փորձում էր վերադառնալ որպես «ազգային հերոս», որպեսզի իր գլխին նույնպես դրվի Ռամիլ Սաֆարովի՝ քնած մարդուն կացնահարողի «դափնեպսակը»։
Եվ միայն Անի Ավետիսյանի ու նրա երեխաների իրական հերոսությամբ կանխվեց այդ ադրբեջանցու «հերոսացման» գործընթացը։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա կարծում եմ՝ արդարացի կլիներ, եթե Անի Ավետիսյանին շնորհվեր հերոսի կոչում՝ որպես ցուցիչ, թե ինչպես կինը կարող է առանց զենքի դեմ հանդիման կանգնել թշնամու դեմ ու զինաթափել նրան, թե ինչպես կարող է կինը պաշտպանել ոչ միայն իր ընտանիքն ու երեխաներին, այլև հայրենիքը, որովհետև Անիի գործողությունները պետք է որակվեն ոչ միայն երեխաների, այլև հայրենիքի պաշտպանություն։
Կարեն Կարապետյան