Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ քարոզչական արշավ է սկսել Հայաստանի դեմ։ Թիրախում կրկին Մեծամորի ատոմակայանն է։ Ադրբեջանի Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի՝ «Հայաստանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով ճեպազրույցի ժամանակ «Ռյուզգար» հասարակական միավորման նախագահ Իսլամ Մուստաֆաևը հայտարարել է, թե «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»։
Նա նշել է, թե 1980 թվականից շահագործվող Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, իբր, շարունակում է պոտենցիալ բնապահպանական ռիսկ ներկայացնել՝ սարքավորումների մաշվածության և շահագործման ժամկետի բազմակի երկարաձգման պատճառով։
«Նախնական նախագծային շահագործման ժամկետի ավարտից հետո բլոկի շահագործումը սկզբում երկարաձգվել է մինչև 2026 թվականը, այնուհետև սկսվել է շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը՝ սարքավորումների արդիականացմամբ։ Լուրջ վթարի կամ պաշտպանիչ համակարգերի վնասման դեպքում առկա է ռադիոակտիվ նյութերի՝ շրջակա միջավայր արտանետման վտանգ, այդ թվում՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման ռիսկ։ Հնարավոր է նաև, որ այդ հետևանքներն ունենան անդրսահմանային բնույթ։ Ուստի ատոմակայանը միանշանակ պետք է փակվի։ Խոսքը միջուկային ռեակտորի մասին է։ Սա շատ վտանգավոր է և մեծ ռիսկերի հետ է կապված։ Մենք ցանկանում ենք, որ դրա փակման վերաբերյալ որոշումները աջակցություն ստանան Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից՝ COP17-ի շրջանակում»,- նշել է Մուստաֆաևը։
«Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական միավորման նախագահ Ամին Մամեդովն էլ Ամուլսարի շահագործումից է դժգոհել։
«Անդրսահմանային ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Հայաստանը պետք է ինչպես հանրությանը, այնպես էլ հարևան երկրների կառավարություններին, որոնք առնչվում են այդ գործունեությանը, ներկայացնի իր գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հաշվետվություն։ Սակայն հայկական կողմն այս առնչությամբ որևէ հաշվետվություն չի ներկայացրել։ Նույնիսկ Հայաստանում տեղի բնակիչներն ու մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ այդ կապակցությամբ բողոքի ակցիա են անցկացրել և կառավարությունից պահանջել ներկայացնել հաշվետվություն»,- ասել է նա։
Ադրբեջանցիներին սկսել է «մտահոգել» նաև Սևանա լիճը։ Բացի այդ, Ամին Մամեդովը հայտարարել է, թե Արարատյան դաշտում առևտրային ձկնաբուծության և ոռոգման նպատակով ստորերկրյա ջրերի արդյունահանման ծավալը գերազանցում է դրանց տարեկան բնական վերականգնման մակարդակը։
Հավելենք, որ դեռևս 2020 թվականի հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել էր, որ ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։
2022 թվականի հոկտեմբերին էլ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին անձամբ էր այցելել Մեծամորի ատոմակայան ու բարձր գնահատել կայանի աշխատանքը։
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել էր Գրոսսին սոցցանցերում։
Հայաստանը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, հյուրընկալելու է Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։
Էմմա Չոբանյան