Օրերս տարածաշրջանային խոշորագույն MedMeet էքսպոյի հարթակում տեղի ունեցավ բժշկական համայնքի համար առանցքային նշանակության իրադարձություն։ Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի և AAD Media Holding-ի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կայացավ «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն այս տարի առանձնահատուկ ձևաչափով ինտեգրվեց մասշտաբային էքսպոյի օրակարգին․
Մինչ էքսպոյի բանուկ ցուցասրահներում ներկայացվում էին նորարարական լուծումներն ու տեխնոլոգիաները, առանձնացված հանդիսավոր կոնֆերանս սրահում տեղի ունեցավ լավագույնների մեծարման արարողությունը:
Մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է հանրության լայն շրջանակներին ներկայացնել հայ բժիշկների մասնագիտական փայլուն ձեռքբերումներն ու բարձր որակավորումը։ Միջոցառումը հնարավորություն տվեց ոլորտի վաստակավոր երախտավորներին հանդես գալու բարձր ամբիոնից, ամփոփելու բժշկագիտության անցած ճանապարհն ու նվաճումները, ինչպես նաև իրենց արժեքավոր խոսքն ու պատգամն ուղղելու երիտասարդ սերնդին։ Հատկանշական է, որ միջոցառման պաշտոնական մեկնարկը տրվեց ոլորտի լավագույն մասնագետների բանախոսություններով։
Միջոցառմանը միջազգային շունչ և մեծ կարևորություն հաղորդեց այն փաստը, որ AAD Media Holding-ը, որը հաջողությամբ թողարկում է «Հայաստան-Սփյուռք» համահայկական ամսագիրը և արդեն հիմնել է իր մասնաճյուղն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կապող օղակ դարձավ երկու երկրների մասնագիտական շրջանակների միջև։ Մրցանակակիրներին և ներկաներին հատուկ ողջույնի խոսքով միացավ Լոս Անջելես վարչաշրջանի հիվանդանոցների և առողջապահության ծառայությունների կոմիսար Մարկ Մարատ Հայը։ Նա ջերմորեն ողջունեց ներկաներին, կարևորեց բժիշկների անձնվեր առաքելությունը մարդկության կյանքում և բարձր գնահատեց նմանատիպ նախաձեռնությունների դերը։
Հանդիսավոր և հուզիչ պահերով ուղեկցվող արարողության ժամանակ առաջին մրցանակը շնորհվեց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Մերի Ղազարյանին։ 2022 թվականին միանալով ասոցիացիային՝ նրա գործունեությունը ժամանակի ընթացքում վերածվել է մեծ պատասխանատվության, նվիրումի և կազմակերպչական մեծ աշխատանքի։ Ակտիվորեն ներգրավվելով բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման գործընթացում՝ նա իր անջնջելի և կարևոր ներդրումն է ունեցել հայրենական բժշկակրթական նախագծերի կյանքի կոչման գործում։
«Հայ անվանի բժիշկ և երիտասարդ բուժաշխատող» մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր մրցանակակիր ստացավ պատվոգիր և մրցանակ բոլորովին անհատական անվանակարգերում.
Կազմակերպչական ոլորտում և նորարարություններում իրենց խոսքն ասացին և պարգևատտրվեցին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Մերի Ղազարյանը, «Շենգավիթ» ԲԿ շտապօգնության ծառայության ղեկավար Արթուր Խաչատրյանը, Մալաթիա-Սեբաստիա ԱԿ տնօրեն Կամսար Բաբինյանը, «Սմարթ Մեդ» կենտրոնի հիմնադիր Մեսրոպ Մանասյանը, ինչպես նաև Դուբայից հատուկ միջոցառմանը ժամանած H2M Healed Consultancies-ի հիմնադիր Ավետիս Մուրադյանը։
Նեղ մասնագիտական և կանխարգելիչ բժշկության առաջատարներից մեծարվեցին համաճարակաբան Մելինե Հովսեփյանը, վարակաբան Կարինե Հովհաննիսյանը, անվանի լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, ինտերվենցիոն սրտաբան Խաչիկ Համբարձումյանը, կրծքային վիրաբույժ Նարեկ Մարտիրոսյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Հարություն Շախուլյանը, ալերգոլոգ, իմունոլոգ Մարգարիտա Հովնանյանը և նյարդաբան Էսթեր Սարգսյանը։
Վիրաբուժության, ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ուղղություններով լավագույնների շարքում էին դիմածնոտային վիրաբույժներ Զորայր Սինոյանն ու Մելիքսեթ Հովսեփյանը, պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը, ստոմատոլոգներ Համլետ Մանասյանը, Նոննա Գաբրիելյանը, Արմեն Հարությունյանն ու Արա Հովհաննիսյանը, «Արմավիդենտ» կլինիկան, ինչպես նաև էսթետիկ բժշկության մասնագետներ Վարդուհի Եվրիյանը, Զարուհի Մաթևոսյանը և Սաթիկ Մարտիրոսյանը։