Անդրանիկ Քոչարյան. Մեր սահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք (PAN.am)

Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելը նշանակում է, որ հայկական սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա, որը պետք է լուծում ստանա, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ադրբեջանցի զինծառայողը հասել է Սյունիքի խորքը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Ժամանակին մենք էլ հասնում էինք, մարդ ենք բերել։ Հատուկ ծառայությունները, եթե նպատակ ունենան, ուր ասես՝ կհասնեն։ Իհարկե, ո՛չ համազգեստով, ո՛չ էդ ձևով, ո՛չ ինքնաձիգով», հայտնում է Aysor.am-ը:

Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ այժմ առնչվել են մի իրողության, որի կրկնությունն ապագայում անհրաժեշտ է բացառել։ Նա ընդգծել է, որ ադրբեջանցի զինծառայողը երկու օր գտնվել է ոչ միայն այդ տարածքում, այլև Հայաստանի քաղաքացու բնակարանում։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է:

Leave a comment