««Ուժեղ Հայաստանի» առաջնորդն իր նոր հարցազրույցում խոսում է այն մասին, թե որքան վնասներ է կրել Ռուսաստանում հայկական բիզնեսը, հայկական կապիտալը՝ Հայաստանի իշխանության անխոհեմ քաղաքականության հետեւանքով։ Որևէ կասկած չկա, որ Կարապետյանը շատ լավ տիրապետում է այդ խնդրին։ Նա մատնացույց է անում միայն Կրասնոդարի մարզը, ասելով, թե միայն այդ մարզում աշխատող հայազգի գործարարները կրել են միլիարդավոր վնասներ»,- նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Այնուհետև նա հարցադրում է արել՝ «իսկ ի՞նչ պետք է աներ Հայաստանի կառավարությունը»։
«Ոչ միայն ձգտեր անհարկի խնդիր չառաջացնել Ռուսաստանում հայկական բիզնեսի համար, այլ առավելագույնն աներ այդ բիզնեսի հնարավորությունները Հայաստանի շահերին ծառայեցնելուն։ Ընդ որում, դա, իհարկե, վերաբերում է ցանկացած այլ երկրում հայկական բիզնեսի հանդեպ վերաբերմունքին, բայց Ռուսաստանը տվյալ պարագայում էական է, որովհետև այստեղ առանձնահատուկ ընդգրկուն է հայկական կապիտալի առկայությունը, հետևաբար մեծ է ռեսուրսը, որ կարող է ծառայել Հայաստանին։
Բայց, այստեղ առաջանում է մեկ այլ հարց․ իսկ արդյո՞ք դա լոկ անխոհեմ կամ ապաշնորհ քաղաքականության հետևանք է, թե՞ նպատակային։ Ընդ որում, նպատակային ոչ թե հայ–ռուսական հարաբերության տիրույթում, այլ «հենց Ռուսաստանում հայկական կապիտալի՝ այսպես ասած քաղաքականապես ոչ լոյալ շրջանակի համար խնդիրներ ստեղծելու տեսանկյունից։
Շատերը կասեն, թե Ռուսաստանի հայկական կապիտալը Ռուսաստանի քաղաքական ազդեցության ներքո է, հետևաբար այդ կապիտալի միջոցով ռուսները Հայաստանին փորձում են պարտադրել քաղաքականություն։ Սա և ճիշտ է, և սխալ, և պարզապես ոչ կոմպետենտ։ Օրինակ, եթե որևէ մեկը մտածում է, թե ասենք՝ Ֆայրբըրդ իբրև թե ամերիկյան, բայց ԱՄՆ–ում ստեղծված դե ֆակտո հայկական ընկերությունը դուրս է ԱՄՆ քաղաքական ազդեցությունից և Հայաստանում ԱԲ տվյալների կենտրոն կառուցելու մոտ 500 միլիոնանոց ծրագիր իրականացնում է առանց ԱՄՆ քաղաքական հավանության, ապա սխալվում է չարաչար։
Ավելին, այդ քաղաքական ազդեցությունը հաստատել է թե Նիկոլ Փաշինյանը, թե նաև ամերիկյան մամուլը, ասելով, որ օգոստոսի 8–ի համաձայնագրի փաթեթային շրջանակում է, որ Վաշինգտոնի հետ համաձայնեցվել է այդ ծրագիրը եւ թույլատրել են, որ ՆՎԻԴԻԱ–ն չիպեր վաճառի այդ կենտրոնի համար՝ Թրամի ուղու դիմաց։
Իսկ դա ի՞նչ է։ Դա չի՞ նշանակում, որ ամերիկյան հայկական կապիտալը ԱՄՆ քաղաքական որոշումների ու շահերի շրջանակում է ներդրվում Հայաստանում։ Որևէ գերտերություն ունի իր երկրում շրջանառվող կապիտալի հանդեպ ազդեցության իր ձեւերը, իր մեխանիզմները։ Բայց ամբողջ հարցը այն է, որ մենք կարողանանք գտնել յուրաքանչյուր գերտերության հետ աշխատանքի հմտությունն ու բալանսը, որ մի կողմից չլինի քաղաքական դիկտատ, մյուս կողմից լինի քաղաքական մոտեցումների այնպիսի համադրելիություն, որ կապիտալը ծառայի նաեւ Հայաստանի շահերին։ Այլ ոչ թե, օրինակ ինչպես ԱԲ տվյալների կենտրոնի պարագայում է, ընդամենը փրկի իշխանության դեմքը, Հայաստանի ճանապարհի կառավարումը օտար մեխանիզմի արտապատվիրակելու համաձայնության դիմաց»։