Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանը տեղափոխվել է վիրահատարան։ Ինչպես Փաստինֆո լրատվականին հայտնել է տուժածի քույրը՝ Արփի Ավետիսյանը, կնոջ վիճակը գնահատվում է ծանր, առկա է ազդրի բազմաբեկորային կոտրվածք, վնասվել են անոթները, և առաջացել է արյան մեծ կորուստ։
Բժիշկների փոխանցմամբ՝ ոսկորի փշրվելու պատճառով անհրաժեշտ է տեղադրել իմպլանտ, ինչից հետո սպասվում է երկարատև ապաքինում, իսկ վեց ամիս անց կպահանջվի ևս մեկ վիրահատություն։ Հարձակման ընթացքում վնասվածքներ են ստացել նաև Անի Ավետիսյանի երեխաները։ Նրանցից մեկի ձեռքը, որը վնասվել էր հարվածից, արդեն վիրահատել են, և այն գտնվում է գիպսակապի մեջ։
Ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 1-ին, երբ ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 29-ին տեղեկացրել էր զինծառայողի անհետացման մասին։ Բնակարան ապօրինի մուտք գործած և կնոջ վրա կրակած ադրբեջանցուն չեզոքացրել է հենց տուժած կինը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Նասիմի Մուսաևի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ պետական սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելու և ապօրինի բնակարան ներխուժելու հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։