«Հայաստան» դաշինքը Վանաձորի իր ներկայացուցիչ Արթուր Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը քաղաքական է որակել՝ կապելով Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրույթունների հետ: Այդ մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
Արթուր Օհանյանը կալանավորվել է 1 ամսով:
«Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։
Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։ Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի»,-ասվում է հայտարարության մեջ:
«Հայաստան» դաշինքը պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը, կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:
«Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները, ոչ թե քննչական մարմինները»,- ասվում է հայտարարության մեջ:
Օհանյանը հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ: