ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր և ՄԻՊ հաստատության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետագա համագործակցության ուղղությունները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառությունն ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Անահիտ Մանասյանը կարևորել է ՄԻՊ հաստատության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործակցությունը՝ երեխաների իրավունքներին առնչվող առանցքային հարցերի հասցեավորման տեսանկյունից։

Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության համար հանդիսանում է կարևոր առաջնահերթություն՝ նշելով, որ երեխաների իրավունքները երբևէ չեն կարող դիտարկվել որպես երկրորդական` իրավունքների այլ ոլորտների համեմատությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև հանրային ընկալումների փոփոխության անհրաժեշտությունը՝ այս գործընթացում ընդգծելով նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի առանցքային դերակատարությունը։

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության կարևոր արդյունքներից մեկին՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը՝ այն գնահատելով որպես երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասնակցության ապահովման և ոլորտային խնդիրների արդյունավետ հասցեավորման լավագույն փորձերից մեկը։

Իր հերթին Ղասան Խալիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը երեխաների իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունների, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ»։

Leave a comment