ՀՀ-ում մշակված Krisp-ի ԱԲ մոդելները կիրառվում են առաջատար ընկերություններում (PAN.am)

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ քննարկել է ընկերության զարգացումները և ոլորտի հեռանկարները։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) և բարձր տեխնոլոգիաների հետագա զարգացման հեռանկարները, հայկական ստարտափների ու տեխնոլոգիական ընկերությունների՝ միջազգային շուկաներում ընդլայնվելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև մարդկային ներուժի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և պետական, մասնավոր ու գիտակրթական հատվածների միջև համագործակցությունն առավել խորացնելու ուղղություններին։

Մինասյանը ներկայացրել է Krisp-ի վերջին ձեռքբերումները, ընկերության տեխնոլոգիական հիմնական ուղղությունները և նախատեսվող ծրագրերը։ Մինասյանի ներկայացմամբ՝ վերջին 12 ամիսներին Krisp-ը շարունակել է ընդլայնել գործունեությունը ձայնային արհեստական բանականության բնագավառում։ Հայաստանում ստեղծված Krisp-ի մոդելները սկսել են կիրառվել ԱԲ ոլորտում աշխատող առաջատար ընկերությունների կողմից։ Ընկերությունը զարգացրել է նաև ձայնային թարգմանության տեխնոլոգիաները, որոնք աջակցում են 62 լեզվի, և շարունակել է նոր տեխնոլոգիական լուծումների մշակումը։

Քննարկման առարկա է դարձել նաև Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի ու Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի համատեղ հիմնադրած BigStory VC վենչուրային ֆոնդի գործունեությունը։ Կողմերն անդրադարձել են նաև հայկական ծագում ունեցող ստարտափների զարգացմանը միտված ներդրումային հնարավորություններին։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների դիրքավորումը միջազգային շուկաներում և այն հնարավորությունները, որոնք կարող են նպաստել հայկական տեխնոլոգիական արտադրանքի, գիտելիքի ու մասնագիտական ներուժի՝ միջազգային հարթակներում առավել լայն ներկայացմանը։

2017 թվականին Երևանում հիմնադրված Krisp-ը միջազգային շուկայի համար մշակել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված ձայնային տեխնոլոգիաներ։ Ընկերությունն այսօր նշում է հիմնադրման 9-ամյակը։ Գործունեության տարիներին Krisp-ը դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի՝ միջազգային ճանաչում ձեռք բերած ընկերություններից մեկը։

Leave a comment