Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար



Քաղաքականություն





Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի հեռարձակման ընթացքում Կարապետյանը տեղեկացրել է կայանալիք կարևոր հանդիպման մասին:

Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրենի հետ: Հանդիպման առանցքային թեման Հայաստանում եվրոպական արտադրության որակյալ դեղորայքի հասանելիության բարձրացումն է:

Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ՝ ներկայումս Հայաստանում գրանցված է ընդամենը շուրջ 3,000 անուն դեղ, այնինչ եվրոպական երկրներում այդ թիվը հասնում է մինչև 25,000-ի: Գործող սահմանափակումների պատճառով բարձրորակ եվրոպական դեղերի մեծ մասը հասանելի չէ հայկական դեղատներում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախատեսում է հանդես գալ օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը թույլ կտա վերացնել առկա խոչընդոտները, էապես իջեցնել դեղերի գները շուկայում և բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը: Նախաձեռնության արդյունքում ավելի քան 1.3 միլիոն քաղաքացի հնարավորություն կստանա որակյալ դեղորայք ձեռք բերել ավելի մատչելի գներով:




Leave a comment