Լոս Անջելեսում քննարկվել են Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերը
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Երեխաների օրգանների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ոլորտում ծրագրերի իրականացմանը։ Այդ մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը ու նրա կարևոր առաքելությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն աջակցում է Հայաստանում փոխպատվաստման ծրագրերին, այլև խթանում առողջապահության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության զարգացմանը։
Հիմնադրամի նախագահ Մարկ Կրոկերը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում արդեն իրականացրել է նմանատիպ ծրագրեր և պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նպաստելով Հայաստանի առողջապահության համակարգում միջազգային առաջատար փորձի, ժամանակակից բժշկական գիտելիքի և նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը։