Իրկուտսկի մերձակայքում կարանտին է սահմանվել «առավել վտանգավոր վարակի պատճառով»

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի ղեկավար Իգոր Կոբզեւն անցկացրել է մարզային սանիտարահամաճարակաբանական հանձնաժողովի արտահերթ նիստ, որին մասնակցել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան։

Մարզպետի խոսքով՝ նիստի անցկացման պատճառը տեղի բնակիչներից մեկի մոտ «առավել վտանգավոր վարակի» կասկածելի դեպքն է եղել։

Շելեխովի շրջանի ղեկավար Մաքսիմ Մոդինը սոցիալական ցանցերում պարզաբանել է, որ շրջանային հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը կարանտինի է ենթարկվել։ Մի քանի բաժանմունքներում դադարեցվել են հիվանդների ընդունումն ու դուրսգրումը, ինչպես նաև կասեցվել է լաբորատորիայի աշխատանքը։

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածաշրջանային վարչությունը ձեռնարկել է հակահամաճարակային միջոցառումների շարք։ Հիվանդի հետ շփում ունեցած անձինք վերցվել են բժշկական հսկողության տակ։ Գերատեսչությունը նշել է, որ առայժմ այդ անձանց մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել, իսկ լաբորատոր հետազոտությունների արդյունքները բացասական են։

Իրկուտսկի մարզում գործող հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհին վարակվել է թոքային ժանտախտով և մահացել։ Ռուսաստանցի կնոջ մահվան մասին հայտնել է Baza-ն։

Մինչ հիվանդանալը կինը աշխատանքային նպատակով մեկնել էր Բուրյաթիա։ Այդ հանրապետությունում՝ Մոնղոլիայի հետ սահմանի մոտ, նախկինում հայտնաբերվել էր վարակի բնական օջախ, որտեղ հիմնական կրողները գետնասկյուռներն էին եղել։ Սա վերջին տասը տարվա ընթացքում Իրկուտսկի մարզում արձանագրված հիվանդության առաջին դեպքն է։

Հակաժանտախտային ինստիտուտի՝ Իրկուտսկի մարզում գտնվող մասնաճյուղում եղել է երկու աշխատակից. երկրորդ աշխատակիցը չի վարակվել։ Մասնագետները սկսել են պարզել վարակման հստակ ուղին և իրականացնում են անհրաժեշտ սանիտարահամաճարակաբանական միջոցառումներ։

Leave a comment