Եթե վարչապետի պաշտոնը յուրացրած անձը պնդում է, որ Տիգրանաշենը եղել է Ադրբեջանի կազմում, թող ցույց տա իրավական փաստաթուղթը»․ Ավետիք Չալաբյան

«Իշխանությունն իրավունք չունի Տիգրանաշենը հանձնելու։ Եվ դա ունի շատ կարճ բացառություն՝ Տիգրանաշենը երբեւիցե Ադրբեջանին չի պատկանել։ Քարտեզները, որոնց վրա հղում է կատարում Հայաստանի իշխանությունը՝ ԽՍՀՄ գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզը, այդ քարտեզում կեղծված է Տիգրանաշենի կարգավիճակը։ Տիգրանաշենը երբեւիցե որեւէ միջպետական փաստաթղթով չի փոխանցվել Ադրբեջանին։ Դա ՀՀ տարածք է, որը պարզապես եղել է Նախիջեւանի հարեւան շրջանի վարչական ենթակայության ներքո»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա հավելեց․ «Եթե որեւէ մեկը, մասնավորապես, վարչապետի պաշտոնը յուրացրած անձը պնդում է, որ Տիգրանաշենը եղել է Ադրբեջանի կազմում, ես իրեն հիմա եթերում հորդորում եմ եւ կոչ եմ անում ներկայացնել այդ փաստաթուղթը, որով այդ տարածքը երբեւիցե հանձնվել է Ադրբեջանին։ Եթե այդպիսի փաստաթուղթ չկա, քարտեզին հղումներ անելը լեգիտիմ չէ, որովհետեւ քարտեզն ընդամենը նկար է, որը կարող է կեղծվել։ Ցույց տվեք այն իրավական փաստաթուղթը, որով այդ տարածքը հանձնվել է Ադրբեջանին։ Եթե չեք կարողանում ցույց տալ, դադարեցրեք պնդել, թե դա «ադրբեջանական անկլավ» է եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ չի մտնում։ Մտնում է, եւ դրա հանձնումը հակասահմանադրական ու հակաօրինական է, հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի համաձայն այդ հարցը դրվի համապետական հանրաքվեի, եւ մեր ժողովուրդը դրան կողմ քվեարկի։ Ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, որովհետեւ մեր ժողովրդի 90 տոկոսը դեմ է Տիգրանաշենի հանձնմանը, ինչը ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը իշխանության ներկայացուցիչները չայցելեցին Եռաբլուր եւ չհարգեցին զոհերի հիշատակը։ 

«Ես կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է՝ որովհետեւ սեպտեմբերի 27-ը եւ դրան հաջորդած բոլոր իրադարձությունները դրանք բոլորն այս վարչախմբի երեսին քաղաքական խարան են, որը նա երբեւիցե չի կարողանալու մաքրել։ Մենք բոլորս հստակ գիտակցում ենք այս վարչախմբի քաղաքական պատասխանատվությունն այդ ազգային աղետի համար։ Նա չի կարողանում այդ խարանը մաքրել եւ փորձում է մոռացության տալ»,- նշեց Չալաբյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment