Դատարանը չի կարճել Սերժ Սարգսյանի գործը, սակայն վերացրել է բացակայելու արգելքը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական գործը կարճելու վերաբերյալ։ Միաժամանակ դատարանը վերացրել է օգոստոսի 26-ից գործող խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։

Նախորդ դատական նիստում Սերժ Սարգսյանի պաշտպանները քրեական գործը կարճելու միջնորդություն են ներկայացրել, գրում է Sputnik Արմենիան:

«Սահմանադրության 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին մեղադրանք ներկայացնել, իսկ 2-րդ մասը ասում է` եթե կան նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, ապա կարող է գործ հարուցվել: Իսկ հիմա որևէ նոր փաստ չկա, այլ նախկին իրավական գնահատականի հետ կա անհամաձայնություն: Հիմա Սերժ Սարգսյանը մեղադրվում է մի բանի համար, որը նախկինում դատախազը կարճել է»,- նախորդ դատական նիստին հիմնավորել էր փաստաբան Ամրամ Մակինյանը։

Հոկտեմբերի 2-ի նիստում դատարանը նկատել է, որ մեղադրական եզրակացությունում դատախազը նշել է՝ պաշտպանության նախարարությունը նախորդ դատական գործընթացի մասին տեղեկացված չի եղել և չէր կարող բողոքարկել, իսկ բողոքը ներկայացրել է տեղեկանալուց հետո։

Փաստաբան Ամրամ Մակինյանը հակադարձել է՝ ընդգծելով, որ տվյալ քրեական գործով ՊՆ-ն որևէ կարգավիճակ չի ունեցել։

«Եթե ՊՆ-ն դատավարական որևէ սուբյեկտ չի եղել, ինչո՞ւ պետք է տեղեկանար այդ մասին»,- շարունակել է փաստաբանը։

Դատարանն արձանագրել է, որ այս փուլում չի քննում ՊՆ-ի՝ դատավարական սուբյեկտ լինելու կամ չլինելու հարցը։ Նշվել է նաև, որ նոր հանգամանքը պետք է հաշվի առնել այն դեպքում, երբ ՊՆ-ն պատշաճ իրազեկված լիներ։ Դատարանի գնահատմամբ՝ դատախազությունը ոչ թե նոր հանգամանք է մատնանշել, այլ նշել է, որ ՊՆ-ն տվյալ գործում իրավաչափ շահեր ունի։

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ այդ գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։

Leave a comment