Հայաստանում նախատեսվում է վերանայել թաղման նպաստի տրամադրման համակարգը, իսկ դրա արդյունքում խնայված միջոցներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։
«Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծով նախատեսվում է, որ թաղման նպաստ կտրամադրվի միայն անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ Հայաստանում մահացած և հուղարկավորված անձանց համար։ Նոր կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից, հնարավորություն կտան դիմումները ներկայացնել առցանց տարբերակով և կրճատել վարչարարության ժամկետները։
Անահիտ Գալստյանի փոխանցմամբ՝ թաղման նպաստների վերանայման արդյունքում կխնայվի 4.3-4.4 միլիարդ դրամ, որին կառավարությունը կավելացնի ևս 1.2 միլիարդ դրամ։ Հատկացվող ընդհանուր 5.6 միլիարդ դրամն ուղղվելու է կենսաթոշակների բարձրացմանը։
Ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների՝ աշխատանքային կենսաթոշակի հիմնական չափը 34,000 դրամից կդառնա 34,500 դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատանքային կենսաթոշակ կավելանա առնվազն 500 դրամով։ Նվազագույն կենսաթոշակի չափը, որը վերաբերում է մինչև 14 տարվա ստաժ ունեցողներին, 46,000 դրամից կդառնա 47,000 դրամ։ Հաշմանդամություն և մինչև 14 տարվա ստաժ ունեցողների թոշակները կավելանան 1100-1200 դրամով, իսկ ավելի շատ ստաժ ունեցողներինը՝ 600-700 դրամով։ Երկկողմանի ծնողազուրկների թոշակը կավելանա 2500 դրամով։
Բացի այդ, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և պարտադիր զինծառայության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների թոշակները կավելանան 1400 դրամով, սպայական ու ենթասպայական կազմինը՝ միջինում 1144 դրամով, իսկ ծերության և հաշմանդամության նպաստները՝ 1000 դրամով։ Ընդհանուր առմամբ, թոշակները կավելանան նվազագույնը 500, առավելագույնը՝ 2500 դրամով։ Օրենսդրական փոփոխությունը վերաբերելու է 505 հազար աշխատանքային, 136 հազար սոցիալական նպաստ և 39 հազար զինվորական կենսաթոշակ ստացողների։